ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

ՀՀԿ-ն չկարողացավ օրենքներն «անցկացնել»

ՀՀԿ-ն չկարողացավ  օրենքներն «անցկացնել»
20.06.2014 | 01:10

Այս շաբաթ մեկնարկած ԱԺ արտահերթ նիստը բավականին բուռն սկսվեց: Ընդդիմությունը խիստ քննադատության ենթարկեց նման հրատապությամբ հարցերի քննարկումը, որոնք անգամ հանձնաժողովներում քննարկումներ չէին անցել: Ճգնաժամն ԱԺ-ում խորացավ, ու ՀՀԿ-ն չկարողացավ օրենքներն «անցկացնել», քանի որ մեծամասնության պատգամավորները բավարար չէին: Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք ՀՀԿ-ականներին:


«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՍԽԱԼՎՈՒՄ ԵՆ»

ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ

(ՀՀԿ խմբակցության քարտուղար)
-ՀՀԿ-ն, փաստորեն, տապալեց օրենքի ընդունումը: Չէի՞ք կարողացել արտահերթ նիստում «բերման ենթարկել» ձեր պատգամավորներին:
-Գործուղման մեջ գտնվող պատգամավորներ ունեինք:
-Միայն դա՞ էր պատճառը: Ինչո՞ւ են գնացել գործուղման այն ժամանակ, երբ ԱԺ նոր ղեկավարը, ելնելով նաև այս հանգամանքից, արգելել է գործուղումների մեկնումը:
-Միայն դա է պատճառը:
-Ընդդիմության ներկայացուցիչը նաև փաստեց, որ ոչ վաղ անցյալում Հովիկ Աբրահամյանի վկայակոչած ԱԺ-ի դերը այսպիսի քայլով ոչ թե բարձրանում, այլ ընկնում է:
-Ընդդիմության ներկայացուցիչները սխալվում են:
-Այսինքն, ԱԺ-ի դերը բարձրացե՞լ է:
-Իհարկե:
-Որքա՞ն է բարձրացել ու ինչպե՞ս:
-Շատ: Լավ, հերիք է:
(Ի դեպ, նաև Մելիքյանի «պարտականությունների» շրջանակում է պատգամավորների ներկայությունը դահլիճում ապահովելը, հավանաբար այդ պատճառով էր նա քչախոս ու նյարդային):


«ԱԺ-Ի ԴԵՐԸ ՉԻ ՆՍԵՄԱՆՈՒՄ»

ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
(ՀՀԿ խմբակցության անդամ)
-Ինչո՞ւ ՀՀԿ-ին չհաջողվեց օրենքն «անցկացնել»:
-Պարզ քվեարկություն էր. եթե մասնակիցների թիվը 64-65 էր, ո՞նց անցկացվեր: Իսկ պատգամավորների քիչ քանակը պայմանավորված էր շատ թվով գործուղումներով: Բայց զարմանալի էր, որ տապալվեց այն օրենքի նախագիծը, որը որոշակի բարելավում էր նախատեսում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Գրեթե բոլոր խմբակցությունները այդ օրենքի վերաբերյալ դրական էին արտահայտվել:
-Դուք այդ օրենքի տապալումը վերագրում եք ընդդիմությա՞նը:
-Այո, դա փաստ է: Իրենք շատ լավ հաշվարկեցին, որ ՀՀԿ-ն չի կարող ապահովել 66 ձայնը: Դե հիմա թող գնան այդ ոլորտի մարդկանց բացատրեն` ինչո՞ւ տապալեցին այդ օրենքը:
-Մինչ երկրորդ ընդմիջումը Գալուստ Սահակյանը նախապես հայտարարեց, որ «երկրորդ զանգ» չի լինելու, այսինքն` բոլորին նախազգուշացրեց, որ լինեն դահլիճում: Ընդհանրապես ՀՀԿ-ականներին քանի՞ «զանգով» եք ԱԺ դահլիճ բերում:
-Գալուստ Սահակյանի ասածն ավելի շատ վերաբերում էր ԱԺ կանոնակարգին: Երբ քսան րոպե ընդմիջում է լինում, հինգ րոպեի նախազգուշական «զանգ» չի լինում: Այսինքն, մի անգամ «զանգը» հնչեց, պատգամավորները պիտի զբաղեցնեն տեղերը:
-Ընդդիմության ներկայացուցիչները փաստեցին, որ ԱԺ-ն վերածվել է «դակող» մարմնի, իսկ դերն էլ նվազում է, քանի որ օրենքները հապճեպ են բերվում ու առանց քննարկման:
-Մեզ մոտ մշակված կանոնակարգ-օրենք կա, ու սա առաջին դեպքը չէ: Միշտ էլ եղել է այս խնդիրը, երբ կառավարությունը արտահերթ ռեժիմով օրենք է բերում, որը հանձնաժողովներում քննարկված չի լինում:
-Ճի՞շտ է արդյոք այդ մոտեցումը, որ պատգամավորները պետք է քննարկեն մի օրենք, որից նախապես ոչ մի տեղեկություն չեն ունեցել:
-Որպես ԱԺ պատգամավոր, ճիշտ եմ համարում այդ օրենքների նախապես քննարկումը, բայց կառավարությունն ունի նաև հրատապ կարգով այս կամ այն օրենքն արագ քննարկելու խնդիր: Այստեղ պարտադրանքի խնդիր չկա, այս բոլոր գործընթացները կանոնակարգով կարգավորված են: Ես չեմ կարծում, թե ինչպես ընդդիմությունն է ասում, սրանով ԱԺ-ի դերը նսեմանում է: Միևնույն է, այդ օրենքը լիագումար նիստում շատ ակտիվ էլ քննարկվում է:


Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հ. Գ.- Ի դեպ, ընդդիմադիրներին հաջողվեց ԱԺ երեկվա արտահերթ նիստը ևս տապալել։ Նրանք չմասնակցեցին գրանցմանը, իսկ ՀՀԿ-ն միայնակ չկարողացավ քվորում ապահովել։ Չնայած, կարճ ժամանակ անց, մի կերպ, ծայրը ծայրին հասցնելով, քվորում եղավ։

Դիտվել է՝ 1223

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ